bekaisa (bekaisa) wrote,

Ի՞նչով է  տարբերվում «Առավոտը» «Գոլոս Արմենիից»

Առհասարակ նախընտրում եմ կարդալ, ոչ թե գրել, բայց «Առավոտ»թերթի մի խմբագրական ստիպեց գրել ինձ հուզող այս հարցի շուրջ, որ ֆեյսբուքյան ընկերախմբային քննարկումներից դուրս, արժի հնչեցնել նաեւ հրապարակավ:

2009-ին` անցնելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամում աշխատանքի, ծառայողական պարտականություններից ելնելով պարզ մեդիա սպառողից դարձա այդ ոլորտի ծրագրային մենեջեր`այս տարիների ընթացքում մասնակցելով և կազմակերպելով բազմաթիվ դասընթացներ լրագրողների համար: Քանի որ իմ համակարգած ծրագիրը, մեծ առումով, ուղղված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և լրատվամիջոցներում ոչ ճշգրիտ, աչառու տեղեկատվության կրճատմանը, կարծրատիպային մտածողության նվազեցմանը, բնականաբար ժուրնալիստիկական էթիկան և պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտները ընկած են եղել մեր բոլոր դասընթացների հիմքում:

Եվ ահա տեքստին քննադատող հայացքով նայող «պրոֆեսիոնալընթերցողի» տեսակետից եմ ուզում անդրադառնալ 2012 թվականի մարտի 27-ի«Առավոտ» թերթի խմբագրականին: Ի սկզբանե նշեմ, որ խմբագրականում արծարծված հիմնական թեզերի հետ կապված որևէ ասելիք չունեմ: Խմբագրականը հենց այն ժանրն է, որտեղ խմբագիրն ազատ է արտահայտել իր վիճելի և ոչ միանշանակ ցանկացած կարծիք ու տեսակետ:

Խոսքս այլ բանի մասին է. առարկություններ չենթադրող և մարդկանց մի ամբողջ խումբ վիրավորող, էթիկայի կանոնները ոտնահարող մի մոտեցման, որ կիրառված է նշյալ խմբագրականում: Մասնավորապես`«Պատկերացնո՞ւմ եքեթե չհաներինչ էին նրա հետ անելու ՀԱԿ-ականները՝ 
իրենց մշակութային մակարդակին եւ ընտանեկան դաստիարակությանը համապատասխան՝«հաճախորդ», «դհոլ» եւ «ախք» որակումներըառավել մեղմ կթվային
»: Կոնտեքստից չկտրելու համար ասեմ, որ խոսքը գնում է Րաֆֆի Հովհաննիսյանի թիվ 7 ընտրատարածքում իր անունը մեծամասնական ցուցակից հանելու մասին:

Հարցս և խնդիրս հենց այստեղ է: Լրատվական դաշտին հետևելով վաղուց եմ եկել այն եզրակացության, որ հայաստանյան թերթերի մի հոծ զանգված հանգիստ կարող էր հրատարակվել «թոփերով և առանց տեքստի»: Սակայն կան այնպիսիք, որոնց շարքին դասվում է նաև «Առավոտը», որոնք ինձ ծանոթ փորձագիտական և մասնագիտական շրջանակներում գոնե, համարվում են լրագրողական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի առաջամարտիկներ: Հիմա, եթե վերոհիշյալ թերթերից որևէ մեկը իր խմբագրականում նման արտահայտություններ աներ, կարծում եմ, դրանք ո՛չ զարմանալի, ո՛չ էլ վրդովվեցնող կլինեին. բոլորը վաղուց ընտելացել են այդ հրատարակությունների ոճին և բովանդակությանը: Սակայն «Առավոտի» պարագայում հարց է առաջանում: Ինչպե՞ս է էթիկայի և ընտանեկան դաստիարակության մասին խոսացողն այդքան հեշտությամբ կոլեկտիվ պատասխանատվության է ենթարկում մարդկանց տարատեսակ և տարաբնույթ մի խմբի (տեքստում ասված չէ` «ՀԱԿ-ականների մի մասի»«որոշ մասի»որակմամբ, ասված է ՀԱԿ-ականների`ամենաբացարձակ ձևով): Ի՞նչով է, հապա, տարբերվում հազարավոր մարդկանց «անմակարդակ» և «անդաստիարակ» անվանողը  «հաճախորդ», «դհոլ» եւ «ախք» որակողներից: Ի՞նչով է, այս պարագայում, տարբերվում «Առավոտի» խմբագրականը «Գոլոս Արմենիի» խմբագրականից: Միգուցե պարզապես այն բանով, որ «Գոլոս Արմենիին» իրեն անաչառ լրատվամիջոց չի հռչակու՞մ, և դա ավելի արդար է :

Իզաբելլա Սարգսյան


Tags: armenia, media, media coverage
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded  

  • 11 comments